Հայաստանում օպտիմալացում է պետք, կարելի է ունենալ ոչ ավել, քան 10 նախարարություն՝ շատ ավելի փոքր աշխատակազմերով, ոչ թե հիմիկվա նման ուռճացված եւ արդյունքում  հսկայական խնայողություններ կլինեն, որոնք կարելի է ծախսել ավելի նպատակային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյանի կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ առհասարակ մի շարք նախարարություններ կարող են գոյություն ունենալ վարչության, բաժնի տեսքով, կան կարեուր գերատեսչություններ, որոնց գոյությունը Հայաստանում անիմաստ է, դրանք բացարձակ ոչինչ չեն անում: Այսպես, Ավետիք Իշխանյանը Կառավարության կառուցվածքից կհաներ սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարարությունները: Նրա խոսքով՝ անիմաստ է վերջիններիս գոյությունը՝ իբրեւ առանձին կառույց, առավել եւս՝ մեծ հարց է, թե դրանք ինչով են զբաղվում ու արդյոք որեւէ օգուտ տալիս են Հայաստանին, թե ոչ:

Ինչ վերաբերում է Ներքին գործերին նախարարություն ստեղծելուն, Ավետիք Իշխանյանը չի կարծում, թե դա սուպեր ուժային նախարարություն է լինելու: Նրա կարծիքով՝ տարածքները հիմնավոր կառավարելու համար, Հայաստանի Կառավարության աչքի տակ պահելու համար ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որպեսզի Արմեն Երիցյանը իր ոստիկանական մտածողությամբ հսկի այդ ամենը:

Իսկ նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն ստեղծելու նպատակը ՀՀԿ-ականներին պաշտոններով ապահովելն է: «Երեւի պաշտոնների պակաս կա ՀՀԿ գործիչների մոտ եւ նոր նախարարությունով նոր պաշտոններ են ստեղծվում, գուցե ՀՀԿ կարիերիստ կադրերի ավելցուկ կա, որոնց պետք է պաշտոն տալ, այլապես չեմ կարծում, թե Էկոնոմիկայի նախարարությունն այնքան ծանրաբեռնված է ներքին»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորումից առաջացած նոր նախարարությունը կղեկավարի այժմ ԱԻՆ նախարար, նախկին ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը:  Թե ինչպես կլուծվի փոխվարչապետի պաշտոնի հարցը, որը զբաղեցնում էր տարածքային կառավարման արդեն նախկին նախարար Արմեն Գեւորգյանը, դեռ հայտնի չէ: NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին, որ փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի կամ Արմեն Երիցյանը կամ նախկին ֆինանսների նախարար, Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը, ով նշանակվելու է նոր ստեղծվելիք Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ղեկավար: