Երեւանում նախորդ շաբաթ հայտնաբերվել եւ վարչական արձանագրություն է կազմվել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների 5 դեպքի մասով:

Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված ապօրինություններից 4-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել փողոցների մայթերի, բակային տարածքների ու կամարանցումների այն հատվածները, որտեղ հնարավոր է ապօրինի առեւտրի կազմակերպում եւ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է համապատասխանաբար 162 եւ 59 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 183 հարց, մյուսներն ընթացքի մեջ են: