Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հոկտեմբերի 25-ին մահացած 28-ամյա Անի Դավթյանի մահվան համար Անիի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը, մեղավոր է համարում նրան բուժող բժշկուհի Օվսաննա Մամիկոնյանին:
«Բժիշկները ինչ ուզում են հայտարարեն, մեկ է, իրենց պատճառով է աղջիկս մահացել: Եթե նույնիսկ հայտարարում են, թե պտղաջրային էմբոլիայի պատճառով է եղել, ապա էմբոլիան էլ է իրանց պատճառով առաջացել: Չէ՞ որ իմ աղջիկը իր ոտքով է հիվանդանոց գնացել, թող պահպանողական սիստեմա չմիացնեին, թող պտուղը հեռացնեին, եթե ինքը էդքան ինքնագլուխ բժշկուհի է եղել, իր ուժերի վրա վստահ է եղել, թող հիմա էլ պատասխան տա»,-ասաց տիկին Ալվարդը:
Տիկին Ալվարդը նշեց, որ ինքը գործի ողջ ընթացքին հետեւելու է, որ արդար քննություն տարվի եւ որեւէ միջամտություն չլինի:
«Ես ոչ հանձնվելու եմ, ոչ հետ եմ կանգնելու, ոչ էլ դիմումս եմ հետ վերցնելու»,- ասաց Ալվարդ Խաչատրյանը՝ նշելով, որ այդ հարցով պատրաստվում է հանդիպել մարզպետի հետ։
Կնոջ խոսքով՝ դստեր 2.5-ամյա որդին եւ ամուսինը ծանր հոգեբանական վիճակում են. «Ամուսինն ամեն օր մեր տուն է գալիս, մեր տանն է փնտրում Անիին: Երեխեն էլ մի քանի օր ջերմություն ուներ, Անիի նկարը թաքցրել են, հետո տեսել է նկարը հոր ձեռքին, ասել է՝ ինչի՞ ես մամայիս նկարը բերել, գնա մամայիս հիվանդանոցից բեր»,-պատմեց տիկին Ալվարդը՝ նշելով, որ Անիի որդին դեռ սպասում է, որ մայրը հիվանդանոցից տուն է գալու։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության, 28-ամյա Անի Դավթյանը, որը գտնվում էր հղիության 5-րդ ամսում, հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։ Մահվան պատճառը, բժիշկների ախտորոշմամբ, պտղաջրերի էմբոլիան է։ Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ալվարդ Խաչատրյանը պատմել էր կատարվածի իր վարկածը՝ պնդելով, որ բժիշկները հրաժարվել են հեռացնել պտուղը, չնայած ինքը խնդրել է նրանց։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով նոյեմբերի 5-ին. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել։





























