«Ժամանակ» թերթը զրուցել է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Դուբնով, վերջին ամիսների հասարակության մի որոշ հատվածի մոտ տպավորություն կար, որ հայաստանյան Եռյակը գոնե մոտ ապագայում կշարունակի միասնական աշխատանքն Ազատության հրապարակում: Անսպասելիորեն, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ Եռյակի ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, հորդորելով չլքել Ազատության հրապարակը եւ շարունակել համաժողովրդական պայքարը նույն ոգով: ԲՀԿ-ից պատասխանը չուշացավ. ԲՀԿ խոսնակն իր հերթին հորդորեց ՀԱԿ-ին կազմակերպել հանրահավաքներ ցանկացած տեղում, ցանկացած պահի: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդն օրերս, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, հանդիպեց Պուտինի մերձավորներից մեկի հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքականությունը Ծառուկյանի ռուսաստանյան այցից հետո:

Լիովին ընդունում եմ, որ Ծառուկյանը Մոսկվայում է եղել, եւ նրան խորհուրդ են տվել հեռու մնալ ոչ այնքան ՀԱԿ-ից, որքան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, քանի որ, ես կարծում եմ, որ պարոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա հռետորիկային, չհաջողվեց համոզել Մոսկվային այն բանում, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը: Կարծում եմ, որ Մոսկվայի համար այստեղ կարեւոր է նույնիսկ ոչ այնքան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները, որքան հնարավոր է՝ սա Ռոբերտ Քոչարյանի վարկաբեկվածության հետեւանքն է, որն իր պլաններն ունի այս խաղում, եւ որը եւս բավարար հիմքեր ունի ՀԱԿ-ի հետ մտերմանալու հույսեր չփայփայելու: Բայց սրանք տակտիկական հարցեր են, որոնք իրենց տեղն ունեն, բայց որոշիչ չեն:
Ես կարծում եմ, որ, համակարգային իմաստով, ԲՀԿ-ն ամեն դեպքում չի կարող տեսականորեն ձեռք ձեռքի տված գործել ՀԱԿ-ի հետ, քանի որ դրանք տարբեր միավորումներ են, բացարձակապես տարբեր մարդիկ տարբեր նպատակներով՝ որքան էլ որ նրանք փորձեն իրենց հռետորաբանությունները, բառերը հարթակում հնարավորինս մոտեցնել: Ես միշտ մտածում էի, որ Եռյակը ժամանակավոր է: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն, ամեն դեպքում, որոշ չափով իր իշխանական ծագման պատանդն է: Սա, իհարկե, իր դերակատարությունն ունենում է այս ինտրիգային հարցերում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում