Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Երեւանի կենդանաբանական այգում կանցկացվի «Դդմի օր» ամենամյա մրցույթը: Միջոցառմանն աջակցում է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Աշնանային տոն-մրցույթին թիմերով կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաները: Պատանի խոհարարներին հնարավորություն կտրվի դդմի, այլ մրգերի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ պատրաստել ախորժաբեր ուտեստներ, հյուրասիրել իրենց սիրելի կենդանիներին եւ համալրել նրանց սննդակարգի եւ կենսակերպի վերաբերյալ իրենց գիտելիքները:
Սահմանվել է մրցութային երեք անվանակարգ. «Ամենանորարար ձեւավորում», «Lավագույն գաղափար» եւ «Ամենահամեղ ուտեստ»: Մրցույթին մասնակցությունը ենթադրում է մի քանի պարտադիր կանոնների պահպանում: Այսպես՝ կենդանիների անվտանգությունը երաշխավորելու համար, փաթեթավորված սնունդ բերելը, ինչպես նաեւ ատամնաչոփերի, այլ սուր եւ ծակող պարագաների, թղթի, պլաստիկ նյութերի օգտագործումն արգելվում է:
Մրցույթին կարող են մասնակցել միայն նախապես հայտ ներկայացրած խմբերը` կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի մինչեւ 16 տարեկան երեխաների եւ 70-ն անց թոշակառուների համար: Երեխաները կարող են շփվել կենդանիների հետ, մասնակցել խաղերի, հեծանիվի խաղարկության եւ պարզապես վայելել ջերմ ու հաճելի մթնոլորտը:
«Դդմի օր» մրցույթը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական կրթության նախագծի մի մասն է, որի նպատակը կենդանիների ու շրջակա միջավայրի հանդեպ երեխաների շրջանում պատասխանատու վերաբերմունք ձեւավորելն է:



























