WDF Docando   ֆեդերացիան Հայաստանում 27 հազար անդամ ունի, եւ հնարավոր է, որ նրանց մեջ լինեն այնպիսի մարդիկ, ովքեր սխալ ապրելակերպ ունեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է WDF Docando   ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որը Երեւան է ժամանել իր նոր՝ «Ստվերները դրախտում» ֆիլմը ներկայացնելու համար։

Թեեւ ասուլիսի սրահ մտնելուն պես Գոռ Վարդանյանը հորդորեց լրագրողներին քաղաքական հարցեր չուղղել իրեն, այնուամենայնիվ, պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կարծիք ունի նա այն մասին, որ իր ղեկավարած կառույցի որոշ անդամներ հայտնի են իրենց կրիմինալ արարքներով։ «Մեր ֆեդերացիան Հայաստանում 27 հազար անդամ ունի, եւ հնարավոր է, որ նրանց մեջ լինեն այնպիսի մարդիկ, ովքեր սխալ ապրելակերպ ունեն։ Ես պատասխանատու չեմ նրանց համար։ Եթե նրանցից ինչ-որ մեկը ինչ-որ սխալ արարք է անում, ապա դա տվյալ երկրի հատուկ ծառայությունների գործն է, եւ ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ համագործակցել այդ ծառայությունների հետ նրանց պատժելու համար։ Խնդրում եմ նրանց իմ անձի հետ չկապել»,- նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով, իրենց կառույցի նպատակը մարզիկներին օգնելն է: «Թե ոնց նրանք իրենք կպահեն շրջապատում, դա իրենց գործն է։ Լավ կպահեն՝ առաջ կգնան, վատ կպահեն՝ կպատժվեն։ Մենք էլ ենք խիստ պատժում նման մարզիկներին»։