Նախագահի հայտարարությունը նշանակում է, որ իշխանությունը ընդունում է առաջարկություններ ու քննադատություն: Այդ մասին լրագրողներին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմության առաջարկած 12 կետերի մասին Հայաստանի նախագահի հայտարարությունը:

«Սա նշանակում է, որ իշխանությունը, ի դեմս նախագահի, իրավիճակի սրացման ուղիով չի գնում, եւ մեր նպատակը բանակցությունների միջոցով երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների քննարկումն ու լուծումն է». – հայտարարեց Շարմազանովը:

Փոխխոսնակը նշեց, որ նախագահը նշել է, որ երկրի զարգացմանը հասնելու համար պետք է օգտագործել բոլոր ուժերը. «Ձեւավորվել է մի իրավիճակ, երբ երկրի քաղաքական իշխանության ղեկավարը՝ անկախ ընդդիմության քննադատություններիրց, եւ որոշ դեպքերում անգամ ոչ կոռեկտ արտահայտություններից, իշխանությունը մի կողմ է թողնում իր կուսակցական շահերը եւ ղեկավարվում պետական շահերով»: Շարմազանովը նաեւ նշեց, որ կառավարությունը պատասխանել է ընդդիմության կողմից ներկայացված 12 կետերին, սակայն վերջինս բավարարված չէ պատասխանով եւ ավելին, իշխանությանը մեղադրում է տապալող քաղաքականության մեջ: «Ելնելով այն հանգամանքից, Հայաստանի նախագահը եւս մեկ հնարավորություն է տալիս՝ խոսելով, որ մենք կողմնակիցենք երկխոսության: Մենք պետք է ընդդիմության հետ շփման եզրեր գտնենք: Մենք միեւնույն նավի ուղեւորներն ենք, իսկ ցնցումներով եւ փոխադարձ մեղադրանքներով ժողովրդի խնդիրները չեն լուծվի»: