ԼՂ հակամարտության վերաբերյալ Օբամա-Մեդվեւդեւ-Սարկոզի հայտարարությունը Հայաստանի համար պարտվողական է եւ վերացական։ Հուլիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)՝ խոսելով Կանադայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների տարածած հայտնի հայտարարության մասին։
Նրա խոսքով, այդ հայտարարության մեջ տարօրինակ է հատկապես ԼՂ ինքակառավարման մասին կետը, ինչը, ի թիվս այլ անորոշությունների, նրա դիտարկմամբ կարող է նշանակել նաեւ հայկական զորքերի դուրսբերում ազատագրված տարածքներից։ «Դա ծանր քայլ կլինի մեզ համար։ Դա կլինի առաջին ողբերգական քայլը այն ճանապարհին, որով Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են ոչնչացնել Հայաստանին։ Ստեղծված իրավիճակը կարծես շախմատային պարտիա լինի, եւ այն տախտակին, որի վրա որոշվում է Հայաստանի ճակատագիրը, դրված է մեզ համար պարտվողական տարբերակը»,- ընդգծեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն իր քաղաքականությամբ այսօր համարժեք պատասխան չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային։ «Մեր հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող այդ երկրների հանդեպ վարած պատասխան քաղաքականությունը կարելի է գնահատել «2»: Մենք, չգիտես՝ ինչու միշտ ավելի հանդուրժող ենք լինում»,- նշեց գեներալ-մայորը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ մինչ այժմ եղած եւ նախապատրաստվելիք փաստաթղթերին` Տեր-Թադեւոսյանն ասաց. «Ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրելով՝ մերոնք մեր ուժեղ պետությունը դարձնում են այնպիսին, ինչպիսին այն կա այսօր, իսկ ադրբեջանցիները, հակառակը, դիվանագիտական ճիշտ մարտավարությամբ եւ քարոզչությամբ իրենց թույլ երկիրը դարձնում են հզոր եւ ուժեղ»:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում՝ Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարություն էին ընդունել, որում կողմերին կոչ էին արել արագացնել աշխատանքները ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:


























