«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել հայկական «Հայբիզնեսբանկը» եւ այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել:
 Գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն: Նշենք, որ 2013-ից «Հայբիզնեսբանկում» խնդիրներ էին առաջացել։ Բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր ի հայտ եկան, որին հետեւեցին ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաեւ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը:

Բանկի նկատմամբ ժամանակին հետաքրքրություն էր դրսեւորում նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հենց նրա նախաձեռնությամբ սկսված աուդիտն էր. որ հայտնաբերեց հափշտակության փաստերը: Սակայն, դրանց ծավալն այնքան մեծ է, որ Հովսեփյանը հրաժարվեց բանկը գնելու մտադրությունից։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա վերջին տարիներին բավական լուրջ ներդրումներ է իրականացնում Հայաստանում, եւ բանկային համակարգում ներգրավվածությունը կդառնա նրա բիզնես գործունեության տրամաբանական շարունակությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում