«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը տեսականորեն չի բացառում, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը կարող է փոխվել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Յուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ Աշոտ Սուքիասյանի կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 19-ին, իսկ գործով քննիչը դեռ միջնորդություն չի ներկայացրել դատարան:
«Նախաքննությունը շարունակվում է, չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի դատարանն ու քննական մարմինը, չեմ բացառում, որ խափանման միջոցը կփոխվի»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:




























