ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության նոր` «Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրություն» պրոդուկտի մասին է պատմում ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

Պարո՛ն Ալթունյան, խնդրում եմ, պատմեք, թե որն է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի նոր առաջարկի էությունը:

«Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրությունը» մի բացառիկ առաջարկ է մեր բնակչության համար, քանի որ, օգտվելով դրանից, դուք ինչ-որ չափով ապահովում եք ձեր վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Խոսքն այստեղ հիմնականում միջին տարիքի մարդկանց մասին է, որոնք բավականին զգայուն են սոցիալական փոփոխությունների նկատմամբ: Հենց միջին տարիքի անձն է, որ վտանգված է նաեւ տարատեսակ հիվանդությունների կողմից, ինչը պայմանավորված է կյանքի ռիթմի արագացմամբ, ծանրաբեռնված ու նյարդային աշխատանքով: Հենց միջին տարիքի անձն է, որ, ցավոք, օրերից մի օր կանգնում է իր ծնողներից մեկի մահվան փաստի առաջ: Ի վերջո, հենց միջին տարիքի անձն է, որն այսօր մտահոգված է իր զավակներին մեծացնելու, կրթություն տալու, ամուսնացնելու եւ, հետեւաբար, անշարժ գույքով ապահովելու հոգսերով: Այս ամենը նրան ավելի խոցելի է դարձնում եւ ստիպում նոր ուղիներ փնտրել իր կայունությունն ապահովելու: «Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրությունը» հենց այդ ուղիներից մեկն է:

Մասնավորապես, ի՞նչ կստանա Ձեր կողմից նշված անձը, եթե օգտվի առաջարկից:

Առաջարկը սահմանում է մի շարք ապահովագրական դեպքեր, այդ թվում` դժբախտ պատահարի հետեւանքով մահ կամ հաշմանդամություն, ընդ որում երեք կարգերի: Դրա հետ մեկտեղ հաշվի են առնվել նաեւ Հայաստանում միջին տարիքի մարդկանց մոտ լայն տարածում գտած հիվանդությունները` սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի ինսուլտ, քաղցկեղի տարատեսակներ եւ այլն: Օգտվելով այս առաջարկից՝ դուք բազային հատուցման շրջանակներում նաեւ ստանում եք ձեր յուրաքանչյուր զավակի հարսանեկան ծախսերի հատուցում մինչեւ 1 մլն դրամ, հիփոթեքային վարկի մարման համար հատուցման ամսական չափի կրկնապատկում, ինչպես նաեւ յուրաքանչյուր երեխայի ուսման վարձի հատուցում տարեկան մինչեւ 600 հազար դրամի չափով:

Իսկ որքա՞ն է կազմում ապահովագրավճարը եւ, հետեւաբար, հատուցումը:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 55 հազար դրամ կամ 5 500` ամսական: Անդրադառնալով հատուցմանը, ասեմ, որ այն կազմում է 10 տարվա ընթացքում մինչեւ 10 մլն դրամ ամսական վճարումներով կամ մինչեւ 5,5 մլն դրամ միանվագ: Հատուցման վճարման կարգը եւս բավականին պարզ է: Այն, մասնավորապես, կախված է ապահովագրական դեպքից: Վստահ եմ, որ այս նոր առաջարկը մեր ընտանիքներ կբերի ջերմություն ու վստահություն վաղվա օրվա հանդեպ, ինչն, իհարկե, թե՛ գործնական, թե՛ անձնական հաջողության կարեւորագույն գրավականն է: