Իշխանություններն են փափկել, բոլոր կողմերն են փափկել, թե փափկացրել են բոլորին, ես չէ, որ պետք է գնահատեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով քառյակի 12 կետերը վարչապետի մոտ նորից քննարկելու իշխանությունների ցանկությանը, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների հետ կապված քննարկումներին:
Նա ուշադրությունը հրավիրեց մի կարեւոր հանգամանքի վրա. «Եւ Ծառուկյանը, եւ Սարգսյանը տարբեր առիթներով մեկնեցին Մոսկվա, ու դրանից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ ճիշտ է համարում չշարունակել հանրահավաքներ եւ զբաղվել միայն շտաբերի ձեւավորմամբ, իսկ Սերժ Սարգսյանը գործադիր իշխանությանը հանձնարարեց վերադառնալ 12 կետերին»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը նշեց, որ միայն փաստերն է արձանագրում, մնացածը թող մարդիկ որոշեն՝ դա կապ ունի, թե չունի: Նրա կարծիքով՝ ծավալվելիք քննարկումները ավելի նեղ, միջկուսակցական քննարկումներ եւ բանակցություններ են լինելու, ոչ թե լայն հասարակական:





























