Բակերի բարեկարգման տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ այս տարի նկարազարդվել է 269 տարածք: Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաեւ երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, թեմաներն  ընտրվել են միջավայրին համապատասխան՝  հայկական բնաշխարհի պատկերներից, մինչեւ երիտասարդ նկարիչների մտքի թռիչքի արդյունքում ստեղծված նոր մտահղացումներ: Աշխատանքների թեմաներն ընտրվել են նաեւ  հաշվի առնելով տեղի բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ նկարազարդման համար թիրախային տարածքները եղել են ավտոտնակների եւ հարակից այլ շինությունների գորշ պատերը:

Մայրաքաղաքի արտաքին ձեւավորման աշխատանքների շրջանակում իրականացվել են նաեւ պանելային շենքերի արտաքին դեկորատիվ գունազարդումներ: Այս տարի գունազարդվել է 9 շենք: Թե´ այս, եւ թե´ բակերի նկարազարդման աշխատանքները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի: