Երեւանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային հատվածների լվացման աշխատանքները:

Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով եւ հատուկ հեղուկներով լվացվել ու մաքրվել են 35 շենքեր: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երեւանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները: Տարեկան ծրագրով գործընթացն իրականացվել է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի վերաբերյալ բնակիչների դրական արձագանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կլինի շարունակական: