Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը նորմալ է վերաբերվում ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի` սեքս սկանդալում հայտնվելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր բնակարանը խուզարկելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադմիր Խոեցյանը:
«Մեր տունը խուզարկելը վեր են ածել եսիմ ինչի: Իրականում ռեկտորն անձամբ գնացել ա, գրել ա` ես կասկածում եմ էս երկու մարդկանց, ստուգեք: Բնական է, եթե նախաքննական մարմինը ընթացք չտար գրածին, կստացվեր շահագրգռվածությունը ցածր է: Նորմալ, առողջ գործընթաց է, եկել են, տունը խուզարկել են, համակարգիչներն առգրավել են: Էքսպերտիզա կանեն, կբերեն կտան ակուրատնի: Ընդհանրապես չեմ անհանգստանում»,-ասաց Վլադիմիր Խոեցյանը:
Ըստ Վլադիմիր Խոեցյանի` ռեկտորը նման բան է արել ոչ թե իրեն կասկածելու պատճառով, այլ կատարվածի մեղավորությունն ինչ-որ մեկի վրա գցելու, քանի որ գիտակցում է` հանցագործությունը դժվար թե բացահայտվի:
«Կիբեռհանցագործություն բացահայտելը պրակտիկորեն անհնար բան է: Որ բացահայտեն` ով է արել, պիտի համակարգիչը գտնեն, համակարգչի վինչեստրը պիտի պահպանված լինի, որպեսզի ապացուցեն: Բավական է`էդ մարդն էդ վինչեստրը վերացրած լինի, բացառվում ա՝ գտնեն, էլ ապացույց չի կարա լինի»,-ասաց նա` նշելով, որ այս դեպքում ավելի հավանական է, որ նախաքննությունն ավարտվի, բայց ոչինչ չպարզվի:
Վարչության նախկին պետի խոսքով` ինչքան էլ փորձաքննության արդյունքներով պարզ դառնա, որ հանցագործություն է կատարվել եւ նամակագրությունը ռեկտորին չի պատկանում, միեւնույն է` հասարակական կարծիքը ռեկտորի դեմ կգործի: Խոեցյանը համոզված է, որ այդ կարծիքը փոխելու համար էլ ռեկտորը փորձում է մեղավորությունն իր վրա գցել:
«Թոքմաջյանն էլ է հասկանում, որ սովորական քաղաքացին, որը տեսնելու է այդ հայտարարությունը, ասելու է`հա, դե իրանց մարդն ա, հանրապետական ա, հո չէին ասելու` ինքն ա գրել տենց բաներ, քֆրտել Աշոտյանին, բնականաբար, պիտի արդարացենին ու ենթագիտակցորեն բոլորի մոտ մնալու ա, որ ռեկտորի խոսացած բաներն են դրանք: Հիմա, որ ինքը մաքրվի, ինքը պետք է գտնի ինչ որ մեղավոր, որ հանրությունը տեսնի, ասի` էս մարդու գլխին սարքել էին»,-ասաց Խոեցյանը:
Ըստ Վլադիմիր Խոեցյանի՝ ռեկտորի արարքը «ցայտնոտի մեջ ընկած մարդու» պահվածք է, հատկապես որ ինքը ռեկտորի՝ սեքս սկանդալում հայտնվելու առթիվ հարուցված քրեական գործում ներկայացրել է Թոքմաջյանին. «Ես 4 շաբաթ առավոտից իրիկուն քաղմասներից չեմ եկել, որ ինչով կարողանամ օգտակար լինեմ: Հիմա ո՞նց կարելի ա վերցնել, քո երեխու տարիքի մարդու վրա քրեական գործ փորձել բարդել, մենակ թե դու մաքրվես հասարակական կարծիքի տեսանկյունից»,-ասաց Խոեցյանը՝ նշելով, որ իր հանդեպ թշնամանք այն աստիճանի է, որ ռեկտորը աշխատակիցներից է կանչում արձակուրդից եւ բարկանում նրանց վրա՝ Խոեցյանի ֆեյսբուքյան ստատուսը լայքելու համար. «Արդեն ինձ երկու հոգի բողոքել են, ասում են՝ կանչել, վրես գոռգոռում ա, ասում ա` խի ես դու լայք արել Վլադի ստատուսը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում հայտնվել էր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի ուշ Վլադիմիր Խոեցյանը ահազանգել էր, աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկում դրանք: Վլադիմիր Խոեցյանին մի քանի օր առաջ հեռացրել են աշխատանքից:





























