Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած 14-ամյա տղային՝ Էդմոն Սիմոնյանին այսօր՝ նոյեմբերի 13-ին կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը:
Նա նշեց, որ վերջինիս վիճակը բավարար է, ունի բազկոսկրերի, անրակի կոտրվածքներ, որը պետք է մետաղով ամրացվի: Թե ինչքան նա կմնա հիվանդանոցում, դա պայմանավորված է ապաքինման ընթացքից: Բժիշկը վստահ է, որ երիտասարդ տղան շուտ կապաքինվի եւ այս վիրահատությունը որեւէ հետք չի թողնի նրա հետագա կյանքի վրա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:





























