Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից փրկված 17-ամյա Հովհաննես Չախոյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հովհաննեսի մայրը՝ Մարգարիտա Չախոյանը։

«Երեխան հիմա արդեն լավ է, ձեռքերն էին միայն այրվել, վերքերը դեռ թաց են, բայց հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն չկա, կարող ենք տանն էլ էդ վերքերը մշակել: Այդ պատճառով էլ դուրս են գրել, շուտով կվերադառնանք Գյումրի»,-ասաց նա:

Հովհաննեսը, որ սովորում է Գյումրիի 4-րդ ուսումնարանում, մեկ շաբաթից կրկին կհաճախի դասի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր  «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել էր։ Վթարի պահին «Գազելի» մեջ եղել էր 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել էին, 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։

 Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: