Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայկական բանակի ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ:
«Նախախորհրդարանը ցավակցում է ադրբեջանական զինուժի խոցած հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների հարազատներին ու մերձավորներին եւ ամբողջ հայ ժողովրդին, ինչպես նաեւ իր զորակցությունն է հայտնում հայկական բանակին՝ մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության միակ երաշխավորին:
Ադրբեջանական կողմից մեր բանակի ուղղաթիռի խոցումն ահազանգում է տարածաշրջանում ընթացող արմատական փոփոխությունների մեկնարկի մասին, ինչը տեղի է ունենում հայկական կողմի դերի ու դիրքի նսեմացման պայմաններում:
Այս միջադեպը վկայում է այն մասին, որ ըստ էության փորձ է արվում ավարտին հասցնել զգալիորեն թուլացած հայկական գործոնի զրոյացումը, ինչի նպատակով որպես թիրախ է ընտրվել այսօրվա հայկական պետականության միակ եւ վերջին պատվարը՝ ազգային բանակը:
Նման աղետալի ընթացքը հղի է Արցախի եւ մեր պետականության կորստի, ինչպես նաեւ հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացման վտանգով:
Այս աղետալի իրավիճակից դուրս գալու համար օր առաջ հարկավոր է արմատական քայլեր ձեռնարկել մեր պետությունը միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտի վերածելու եւ ըստ այդմ նրան ներքին վերակազմավորման ենթարկելու նպատակով:
Մինչդեռ հայաստանյան ապազգային քաղաքական-դիվանագիտական վերնախավը դրա փոխարեն հանձնում է մեր ինքնիշխանությունը եւ ներսից քայքայում է պետությունը, ինչն էլ իր հերթին անմիջական բացասական ազդեցություն է ունենում ազգային անվտանգության ոլորտում՝ հայության համար ստեղծելով գոյութենական մարտահրավերներ:
Այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին հեռացնել եւ պատասխանատվության ենթարկել գործող քաղաքական-դիվանագիտական վերնախավին, այնուհետեւ ժողովրդի կամքն արտահայտող քաղաքական ուժերով եւ բանակի հրամանատարական կազմի առողջ մասով միասնաբար լծվել ինքնիշխան եւ հզոր պետության կառուցման գործին:
Մենք ենք տերը մեր երկրի»,- ասվում է հայտարարության մեջ:




























