Թուրքիայի Անթալիա նահանգում քրդերեն խոսելու համար 15 երիտասարդներ ծեծելով սպանել են 20-ամյա Մահիր Չեթինին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիա նահանգի Քաշի շրջանի սրճարաններից մեկում 2 քուրդ երիտասարդի խոսակցությանն են խառնվել հարեւան սեղաններին նստած ազգությամբ թուրքեր եւ հաշիվ պահանջել, թե ինչու են քրդերենով խոսում Թուրքիայում։
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդների վիճաբանությունն արագ վերածվել է ծեծկռտուքի։ Սրճարանում գտնվող տեսախցիկի նկարահանած կադրերը ուսումնասիրած ոստիկանները պարզել են, որ ընդամենը 10 վայրկյան տեւած ծեծի հետեւանքով 20-ամյա Մահիր Չեթինը տեղում մահացել է։
Սրճարանում ներկա գտնվող այցելուները հայտնել են, թե ազգությամբ քուրդ Մահիր Չեթինի եւ նրա ընկերոջ վրա հարձակման պատճառը եղել է նրանց միջեւ քրդերենով խոսակցությունը։




























