«Արմենալ» գործարանի բանվորները երկար ժամանակ է,  որ պահանջում են վտանգավոր արտադրության մեջ աշխատելու դիմաց իրենց հասանելիք  փոխհատուցման գումարները: Խոսքը վերաբերում է 2003 թվականից մինչեւ 2008 թվականի սեպտեմբեր ամիսը 117 աշխատակիցներին վճարվելիք փոխհատուցման գումարների մասին, սակայն «Արմենալի» ղեկավարությունը հրաժարվում է վճարել այդ գումարները, որը ընդհանուր առմամբ կազմում է 95 մլն. դրամ:

Ի դեպ, աշխատակիցներին փոխհատուցման գումարները չվճարելու փաստը բացահայտվել է 2009-ի նոյեմբերին, երբ գործարանում ստուգումներ է կատարել Աշխատանքի պետական տեսչությունը:

Ներկայումս բանը հասել է նրան, որ «Արմենալ» գործարանի 117 աշխատակիցները վարձել են փաստաբան եւ դիմել դատարան՝ իրենց գումարները ստանալու պահանջով: Ներկայումս գործը գտնվում է դատարանում, իսկ հուլիսի 9-ին էլ նշանակված է առաջին նիստը:

«Արմենալի» ղեկավարությունը, որը հրաժարվում է վճարել աշխատակիցների գումարները, իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ նրանք այդ տարիներին ավելի բարձր աշխատավարձ են ստացել եւ վնասակարության համար փոխհատուցվել են այդ տարիներին իրենց ստացած աշխատավարձով: Բայց, խնդիրն այն է, որ այդ տարիներին, երբ մարդկանց բարձր աշխատավարձ են տվել, չի նշվել, որ դրա մեջ վնասակարության համար փոխհատուցումը մտնում է:

Այս խնդրի առնչությամբ հունիսի 9-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Կառավարությանն է դիմել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրան խոստացել են գրավոր պատասխան տալ, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի տրվել:

«Կառավարության առաջ ես բարձրաձրեցի այդ հարցը, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստ է պաշտպանելու ՀՀ քաղաքացիների շահերը եւ  հնարավորինս աջակցելու, որպեսզի գործարանը վերադարձնի իր աշխատողների գումարները: Ինձ խոստացան գրավոր պատասխան ուղարկել, բայց այս պահին դեռ որեւէ պատասխան չեմ ստացել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը: