Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ  կայացնել արդարացման դատավճիռ, առաջադրված մեղադրանքի եւ քաղհայցից ծավալից հանել 19 մլն 170 հազար 793 չափի ՀՀ դրամ, քանի որ դրանց յուրացումը չի բխում գործով ձեռք բերված եւ հետազոտված ապացույցներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբեր 13-ին,  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում նշեց պաշտպանը։

Աշոտ Աբրահամյանի պաշտպանը պահանջեց մեղադրական դատավճիռ չկայացնել իր պաշտպանյալի նկատմամբ, իսկ նման վճիռ կայացնելու դեպքում՝ նրա հանդեպ կիրառել 179-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիա, նախատեսվածից ավելի մեղմ պատիժ սահմանել՝ կիրառելով ՔՕ-ի 64-րդ եւ 79-րդ հոդվածները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը խոստովանական ցուցմունքներ է տվել, իր ցուցմունքներով աջակցել գործի բացահայտմանը։

«Աշոտ Աբրահամյանի նկատմամբ պատիժ սահմանելիս՝ դատարանը պետք է հաշվի առնի պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որը կառավարության 2006թ-ի որոշմամբ պատկանում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին»,- նշեց Լիպարիտ Սիմոնյանը։

Պաշտպանի կարծիքով՝ պատիժ սահմանելիս՝ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, մասնակցել է մարտական գործողություններին, ստացել մի շարք մեդալներ եւ պատվոգրեր եւ բնութագրվում է դրական հատկանիշներով։ Ուստի՝ ըստ նրա՝Աշոտ Աբրահամյանի  հանդեպ կիրառելի է նաեւ ՀՀ ԱԺ-ի 2011թ.ի մայիսի 26-ի ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը։

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ մեղադրյալներ Համլետ Մարտիրոսյանի եւ Հրանուշ Դանիելյանի պաշտպան Գուրգեն Արսենյանը՝ միջնորդելով անմեղ ճանաչել իր պաշտպանյալներին։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալները նախաքննական փուլում ցուցմունքներ են տվել, ըստ որոնց՝ կառույցի ղեկավարն է հանձնարարել վեր հանել կամ կազմել ցուցակները։

«Իմ պաշտպանյալ Մարտիրոսյանը հարցրել է ինչու, նրան ասել են վերադասի կողմից է հանձնարարությունը տրված։ Մարտիրոսյանը շատ լավ գիտակցել է եւ ենթադրել է, որ հնարավոր է, որ այդ ձեւով կարող են մեծ գումարներ շորթել, նա գնացել, հասել է կենտրոնական ապարատ, այն դեպքում, որ դա իր ֆունկցաների մեջ չէր մտնում, այտեղ ասել են քո գործը չէ, վերադասն է ուզել»,- ասաց Գուրգեն Արսենյանը։

Նրա խոսքով՝ գործին կցված չեն իր պաշտպանյալների ֆունկցիոնալ պարտականությունները եւ լիազորությունները եւեթե Մարտիրոսյանը կարողացել է վերադասի հրամանով ցուցակներ տրամադրել, ապա Դանիելյանը ընդամենը կազմակերպչական հարցեր է լուծել։

«Երբ ծածկագիրը տրված է եղել եւ հանկարծ մարդկանց հանձնարարվել է, որ պետք է ստորագրեք կենսաթոշակառուների փոխարեն, մարդիկ հրաժարվել են եւ կառույցի ղեկավարն էլ գիտակցելով այդ պատռել է փոստաթղթերը։ Որտեղի՞ց իմանային այս անձինք, որ հնարավոր է դեռեւս չստորագրած ինչ-որ մի տեղ արդեն գումարներ են կորզվել։ Եթե չեն ստորագրել, ինչու՞ է այս մարդկանց մեղադրանք առաջադրվել։ Պետք է եղել, պահանջել են հետո էլ հանկարծ պետք է եղել քավության նոխազ, քավության նոխազների մեջ հայտնվել են հատկապես իմ երկու պաշտպանյալները, որոնք հրաժարվել են, ոչինչ չեն արել »,- ասաց Գուրգեն Արսենյանը։

Պաշտպանը դատավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալները կամովի հրաժարվել են հանցագործություն կատարելուց՝ պահաջելով նրանց անմեղ ճանաչել։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում։

Նշենք նաեւ, որ մեղադրող դատախազը  պահանջել էր Աշոտ Աբրահամյանին ազատազրկել 6 տարի, 6 ամիս ժամկետով,  Համլետ Մարտիրոսյանին եւ Հրանուշ Դանիելյանին՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ մեղադրողը միջնորդել էր Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: