Ոստիկանությանը պատկանող կարի արտադրամասի նախկին աշխատակիցներն այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կառավարության մոտ էին իրենց մեկ տարվա աշխատավարձի պահանջով: Նրանց խոսքով՝ կարի արտադրամասը արդեն մեկ տարի է, ինչ լուծարվել է, սակայն իրենք աշխատավարձ դեռ չեն ստացել:

«Նամակ ենք ուղարկել վարչապետին, սակայն մեզ չեն պատասխանել, մեր ապրուստն է, մեր օրվա հացը, որ ադեն մեկ տարի է՝ չեն տալիս»,- վրդովված ասացին կարի արտադրամասի աշխատակիցները:

Կարի արտադրամասի աշխատակիցները պատմեցին, որիրենց արտադրամասը միչեւ լուծարումը մատակարարում էր ողջ ոստիկանական համակարգի աշխատակիցների համազգեստները, իսկ լուծարումից հետո այդ աշխատանքը կատարում են  մասնավոր կարի արտադրամասերը:

«Լուծարումից հետո, իրենք խոստացան, որ հենց գումար ստանան առաջին հերթին աշխատավարձերը կվճարեն, բայց հենց ստանում էին հարկեր էին տալիս, կամ ուրիշ տեղ էին ծախսում, եւ այդպես էլ մեր աշխատավարձերը չվճարեցին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց արտադրամասի նախկին աշխատակից  Աստղիկ Ազատյանը՝ նշելով, որ խնդրին տեղյակ է նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն ոչինչ չի ձեռնարկում:

Բողոքի ակցիա անցկացնողներին մոտեցավ նամակների եւ դիմումների բաժնի աշխատակիցը եւ ասաց, որ նրանց նամակը ընթացքի մեջ է, հանձնարարական ստանալուն պես իրենք կտեղեկացնեն աշխատակիցներին:

Կարի արտադրամասի նախկին աշխատակիցները հեռացան՝ խոստանալով ավելի մեծամաշտաբ ակցիա անցկացնել պատասխան չունենալու դեպքում: