Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն հայտարարել է, թե ներողություն է խնդրում Դերսիմի կոտորածը վերապրած բոլորից։
Թուրքական CNNturk-ի եթերին մասնակցած CHP-ի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն հայտնել է, թե հաղորդման մասնակցում է կուսակցության նախագահի գիտությամբ եւ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։
«Ես որպես CHP-ի փոխնախագահ Դերսիմի կոտորածը վերապրած բոլորից ներողություն եմ խնդրում։ Սակայն միայն ներեղությունով հարցը չի կարող լուծվել։ Պետք է այդ հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի։ Դերսիմի հարցով բոլոր արխիվներ փակ են։ Պետք է բացել արխիվները եւ լուսավորել թեման»,-ասել է Սեզգին Թանրըքուլուն։
CHP-ի փոխնախագահի այս հայտարարությանը խիստ պատասխան է տվել կուսակցության անդամներից Շահին Մենգյուն՝ Twitter-ի էջում գրելով. «Սեզգին Թանրըքուլու, դու ի՞նչ իրավունքով ես CHP-ի անունից ներողություն խնդրում։ Ո՞վ ես դու, այ աննամուս»։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։
1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։




























