Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման արդյունքում ավելի միասնական աշխատանք կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով նախկինում երկար տարիներ ոստիկան է աշխատել, մարզպետից առաջ էլ զբաղեցրել է Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնը: Հարցին, թե հնարավո՞ր է միավորման անհրաժեշտությունը ծագեց, քանի որ ոստիկան-մարզպետները իրենց չարդարացրին եւ որոշվեց՝ գլխավոր համակարգողը լինի ուժային կառույցի ղեկավար, նա պատասխանեց. «Ես 7-8 տարի առաջ եմ աշխատել այդ համակարգում, դա ինչ կապ ունի… Ինչի հիմա համակարգված չի՞ մարզպետի աշխատանքը, էդպես չի, որտեղ կարգ ու կանոն կա, էնտեղ մշտապես առաջընթաց կա….»:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե այդ փոփոխության արդյունքում կթուլանան մարզպետները, Ղահրամանյանն արձագանքեց. «Ես դրա հետ հեչ համամիտ չեմ, ինչպես եղել է, այդպես էլ կա: Ուժային ղեկավար լինելու ճիշտ կամ ոչ ճիշտ լինելը լուծում են համապատասխան ատյաններում եւ գտնում են, որ ճիշտ է»: Ղահրամանյանը վրդովվեց այն կարծիքից, թե այդպիսով ավելի վերահսկելի կլինեն մարզպետները. «Ոչ մեկն էլ ինքնագործունեություն չի կատարում: Ձեր կարծիքով թուլանալո՞ւ են մարզպետները, երբ որ միանան այդ երկու նախարարությունները, ավելի ամուր ու ավելի կառավարելի կլինի: Արտակարգ իրավիճակների նույն մարզային կառույցը ենթարկվելու է մարզպետին, ի՞նչ կա դրա մեջ: Նախկինում արտակարգն էլ տարածքայինի մեջ էր, շատ երկրներում էդպես է, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ աշխատանք կլինի»:




























