Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների Զինված ուժերը նոյեմբերի 15-ից անցում կկատարեն նոր դաշտային ձմեռային համազգեստի: (ֆոտոռեպորտաժ)
Այսօր` նոյեմբերի 13-ին, Զինված ուժերի թիկունքային գծով ծառայության պետ Վահան Պապյանը Խոջալուում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նոր համազգեստի առավելությունները:
«Արտաքինով ոչնչով չի տարբերվում հնից, բայց առաջին հերթին տաքացնող շերտը` միջուկը, պատրաստված է սիմպետոնից, որը երկու կողմից մշակված է մեմբրանային կտորից, ինչը թույլ չի տալիս ցրտի ներթափանցումը եւ միեւնույն ժամանակ խոչընդոտում է, որ մարդու ջերմությունը հեռանա, այսինքն համարյա հարյուր տոկոսով պահպանում է ջերմությունը: Այն կարելի է կրել մինչեւ մինուս քառասուն ցրտի դեպքում»,- ասաց Վահան Պապյանը:
Նրա խոսքով` այս նոր համազգեստն ունի նաեւ հատուկ գոտի, որը նույնպես խոչընդոտում է, որ սառը քամին ներթափանցի զինծառայողի մարմին:
«Թեւքերի դեպքում էլ բթամատի համար նախատեսել ենք հատուկ անցք. այն ցրտի դեպքում կարելի է հագնել, որը տաք կպահի ձեռքի առաջնամասը: Բացի դրանից` նոր համազգեստն ունի անջրանցիկ կտորից մշակված գլխանոց, որը պաշտպանում է քամուց, անձրեւից, ձյունից»:
Նույն կտորից է պատրաստված նաեւ տաբատը: Նշենք, որ այս համազգեստն կրելու են եւ ժամկետային, պայմանագրային զինծառայողները:



























