ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու գործով քննությունը շարունակվում է, ընդամենը փոխվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:
Նա նշեց, որ երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո կամ պետք է նորից երկարացնեին կալանքը, կամ բաց թողեին: «Քննությունը վերջացել է, առերեսում պետք է անեին, բայց ում հետ անեն, տուժող չկա, երկրում չի, հիմքեր չկան պահելու»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է սա կապ ունի ԲՀԿ-ի հանրահավաքներն անժամկետ հետաձգելու հետ, պատգամավորը կտրականապես հերքեց: Ռուստամ Գասպարյանը փոխանցեց, որ որդու ազատ արձակվելը մեծ նշել են, մատաղ են արել:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել էր Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է, 18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ մի տարածքից մի երեխու հետ, սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»:




























