Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինարարության եւ բարեկարգման տարեկան ծրագրով հիմնանորոգվելիք 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են եւ դրանք հանձնված են շահագործման: Հիմնանորոգված փողոցների թվում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեկան ծրագրում ներառված Քաղաքաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Սարկավագի փողոցը: 3.6 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ ասֆալտապատվել է երթեւեկելի հատվածի 39 հազար 920 քմ մակերեսը: Ասֆալտապատվել եւ բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաեւ շուրջ 13003 քմ մայթերը: Տեղադրվել է 6700 գծամետր եզրաքար, կառուցվել են նաեւ ընդհանուր առմամբ 550 գծամետր նոր հենապատեր: Փողոցի հիմնանորոգման շրջանակում կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ:

Հիմնանորոգման ադյունքում փողոցի թե´ երթեւեկության եւ թե´ հետիոտնի համար ապահովվել են հարմարավետ պայմաններ:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հիմնանորոգվող բոլոր փողոցներում խստորեն վերահսկվում է իրականացվող աշխատանքների որակի պահպանումը: