Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին սպանված Տիգրան Հայրապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը մեղադրյալ, 17-ամյա Հայկ Աղամալյանի համար առավելագույն պատիժ է պահանջում՝  «առավելագույն ցավի դիմաց»: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, փաստաբանը պնդեց, որ Հայկի մեղավորությունն  ապացուցվել է թե նախաքննության, եւ թե դատաքննության ընթացքում:

«Հայկ Աղամալյանի մեղքը հիմնավորվեց վկաների ցուցմունքներով: Հայկ Աղամալյանն էս ընտանիքին պատճառել է առավելագույն ցավ, ինքը պիտի ստանա առավելագույն պատիժ:  Եթե սկզբնական շրջանում զղջողական վարքագիծ էին դրսեւորում, հետագայում փորձեցին ինչ-որ արդարացումներ գտնել: Դատարանից պահանջում եմ առավելագույն պատիժ՝ առավելագույն ցավի դիմաց»,- հայտարարեց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ ուսումնասիրվել է դեպքի օրվա տեսանյութը, որտեղ երեւում էր, որ կռիվը առաջնորդել է հենց Հայկ Աղամալյանը:

Մեղադրյալի մայրը՝ Նարինե Արիստակեսյանը, սակայն, նախկինի պես պնդեց, որ իր որդին անմեղ է, սպանության օրը կռիվը կազմակերպել, այն առաջնորդել է ոչ թե Հայկը, այլ Կարեն Հարությունյանը:

«Կարենն արեց ու դատավարության սկսվելուց առաջ էլ հանրապետությունից փախավ: Ինքն էր պայմանավորվել, հավաքել բոլորին, ինքն էր առաջնորդել կռիվը: Սա Կարենի ձեռքի գործն է, Հայկն էդքանից երկու-երեք հոգու է ճանաչել, ո՞նց կարող էր հավաքել բոլորին: Դուք նայեք, տեսեք՝  Կարենի ընկերներն ովքեր են»,-ասաց անչափահաս մեղադրյալի մայրը:

Նարինե Արիստակեսյանը դատարանին ասաց, որ իր որդուն բերման են ենթարկել անօրինական, ոստիկանությունում ծեծել են, ստիպել խոստովանել, որ մարդ է սպանել: Մայրը պատմեց, որ դեպքից հետո երկու ոստիկան է իրենց տուն եկել եւ տեղեկացել, որ Հայկն իր  տատիկի տանն է, դրանից հետո 10-ից ավելի ոստիկաններ գնացել են տատիկի տուն ու առանց օրինական թուղթ ներկայացնելու՝ բերման ենթարկել Հայկին:

«Երբ մենք ասեցինք՝ կբողոքենք, որ անօրինական եկել, տարել եք, ոստիկաններից մեկը պատասխանեց՝ հլը փորձեք ու կտեսնեք, ինչ կանենք: Մեկուկես ժամ հետո Հայկը դուրս եկավ ոստիկանությունից ՝աչքը ուզած, ձեռքերը կապտած, անորոշ հայացքով: Մեզ ասեցին՝ Հայկի հագուստի վրա արյան հետքեր կան, կասկածում են, որ մարդ է սպանել: Հաջորդ օրը Հայկն ինձ պատմեց, որ մի քանի ոստիկան իրեն խփել են, ասել են՝ անպայման պետք է խոտովանես, որ մարդ ես սպանել»,-ասաց նա՝ նշելով, որ այդ օրը բռնություն գործադրելու մասին հաղորդում չեն ներկայացրել ՀՔԾ, քանի որ քննիչն ասել է՝ նոր քաշքշուք է առաջանալու:

Անչափահասի մայրը պնդեց, որ որդին չի ստում, նա ընդունել է, որ դանակով հարվածել է ինչ-որ սեւ բաճկոնով տղայի, որը Տիգրանը չի եղել, սակայն այս հանգամանքը պարզաբանելու համար նախաքննական մարմինը ոչինչ չի արել: 

Դատախազ Հակոբ Մելքոնյանը պնդեց, որ բաճկոնը հայտնաբերվել է, ուսումնասիրվել, նրա վրա ոչ մի հետք չի եղել: 

«Նախնական ցուցմունքում Հայկ Աղամալյանն ընդհանրապես չի ընդունել այն կասկածանքը, որ իրեն  վերագրվել է, հետագայում տվել է լրիվ հակասական ինքնախոստովանական ցուցմունք:  Վկաների ցուցմունքներով էլ հայտանբերվել է բաճկոնը, բաճկոնի վրա հետքեր չեն հայտնաբերվել»,-ասաց դատախազը:

Մեղադրյալի մայրը դատարանի ուշադրությունը գրավեց իր որդու բնութագրերին, հավատացրեց, որ նրան այնպիսին է դաստիարակել, որ նա չէր կարող նման արարք կատարել:

«Հայկն ընտանիքում մեծացած երեխա է, փողոցում մեծացած երեխա չի: Ամեն երեխա կերազի էդքան հոգատարությամբ շրջապատված լինի: Ինքը ոչ մի անգամ ոստիկանություն չի ընկել: Ես, որպես մայր, խնդրում եմ, աղաչում եմ՝ մի կործանեք իմ երեխու կյանքը: Ես ուղղակի խնդրում եմ, իմ որդուն ազատեք: Ես հարուր տոսկսով համոզված եմ՝ իմ որդու ձեռքերը արյան մեջ թաթախված չեն»,-ասաց նա:

Մեղադրյալները դատարանից ժամանակ խնդրեցին վերջին խոսքին պատրաստվելու համար։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։

Հիշեցնենք, որ 17-ամյա Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Դավիթ Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով: