Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ  Միքայել Եսայանը դատապարտվեց  6 տարվա ազատազրկման գումարի դիմաց կնոջը խմբակային սեռական հարաբերությունների մեջ ներգրավելու եւ պարբերաբար ծեծի ենթարկելու համար: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ նոյեմբերի 14-ին, մերժեց  գործը վերաքննելու ամբաստանյալի բողոքը, որով վերջինը պահանջում էր բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 6 տարի ազատազրկման որոշումը եւ իրեն անմեղ ճանաչել:

«Նման առաջարկներ իմ կողմից չեն եղել: Սաղ իրանց երեւակայությունն ա: Իրան իրա մերն ա ստիպել ինձ մեղադրել: Մենք ամուսիններ ենք, բայց իրար հետ ընդհանրապես շփում չենք ունեցել: Իրա մերը սկզբից էլ ուզում էր մեզ բաժանել, բայց կինս չեր ուզում»,- ասաց ամբաստանյալը:

Նրա խոսքով՝ իր նկատմամբ 6 տարի ազատազրկումն անարդար է, քանի որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Միքայել Եսայանը ստորագրել է կնոջ տված ցուցմունքի տակ:

«6-րդ վարչությունում նախաքննության ժամանակ ոստիկանները խոշտանգումների են ենթարկել ինձ եւ ստիպել են ստորագրել կնոջս տված ցուցմունքի տակ:  Առաջին ատյանն էլ հիմք է ընդունել, պահանջում եմ բեկանել այդ վճիռը եւ անմեղ ճանաչել ինձ»,- ասաց ամբաստանյալ Միքայել Եսայանը:

Նշենք, որ ամբաստանյալ  չկարողացավ ընթերցել իր գրած բողոքը, պաշտպանը դատարանից խնդրեց, որ ինքը շարունակի ներկայացնել բողոքում ներկայացված հիմնավորումները:

«Դու չես գրե՞լ բողոքը, բա ինչի՞ չես կարողանում կարդալ»,- հարցրեց նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը:

Ամբաստանյալը իր վատ ընթերցելը պատճառաբանեց անքնությամբ:

«Սաղ գիշեր չեմ քնել, դրա համար չեմ կարում կարդալ»,- ասաց Միքայել Եսայանը:

Պաշտպան Արմեն Սարգսյանը բողոքը ներկայացնելուց հետո միացավ իր պաշտպանյալի պահանջին՝ միջնորդելով բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 6 տարի ազատազրկման որոշումը եւ անմեղ ճանաչել Միքայել Եսայանին, քանի որ վերջինը խոշանգումների ենթարկվելու պատճառով է ստորագրել կնոջ ցուցմունքի տակ:

Մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանը միջնորդեց չբավարարել ամբաստանյալի բողոքը եւ օրինական ուժի մեջ թողնել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի 6 տարի ազատազրկման որոշումը՝նշելով, որ դրանում որեւէ հստակ պատճառաբանություն բերված չէ եւ այս բողոքով՝ ամբաստանյալը պատասխանատվությունից խուսափելու նպատակ է հետապնդում:

 Նշենք, որ  Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Եսայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման եւ 60 000 դրամի չափով տուգանքի։

Հիշեցնենք, որ Միքայել Եսայանը մեղադրվում է նրանում, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ն. Դ.-ին շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն՝ միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել։ 2013թ. նոյեմբերի 2-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։