«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015թ. մրցույթին։

Ընկերությունն այս առթիվ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Յունիգրաֆ իքսը» 8 տարի բարեխղճորեն աշխատել է հանուն երեւանցիների անվտանգության եւ բարեկեցության։ Մեր գործունեության, հսկայական ներդրումների, պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում էապես նվազել է թափառող կենդանիների քանակը։ Երեւանում թափառող կենդանիների թվի առումով երբեւէ չի եղել նման բարենպաստ, վերահսկելի իրավիճակ։

Ընդ որում, այս ամենը «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցներն իրականացրել են իրենց հասցեին կենդանասեր ներկայացող որոշ անհատների եւ հասարակական կազմակերպությունների կողմից մի քանի տարի անընդմեջ սպառնալիքների, սուտ տեղեկությունների ու մեզ չվերաբերող, համացանցից ներբեռնած տեսանյութերի տարածման պայմաններում։ Եթե տվյալ անձինք կամ կազմակերպությունները կարծում են, որ իրենք ավելի լավ կաշխատեն այս ոլորտում, ապա կարող են դիմել առաջիկա մրցույթին եւ կատարել այդ աշխատանքներն ավելի «լավ»։ Ընդ որում, կարող էին դիմել նաեւ նախորդ տարիների մրցույթներին, ինչը, սակայն, երբեք չեն արել։

Թափառող կենդանիների ոլորտը շատ սպեցիֆիկ է, եւ շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ ծանրագույն ու հետեւողական աշխատանք է այն պահանջում։ Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ թափառող կենդանիների ոլորտում աշխատանքների տեմպերի նույնիսկ մի քանի օրվա դանդաղեցումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ մայրաքաղաքի համար, եւ տարիների ընթացքում ներդրած գումարներն ու միջոցները կարող են հավասարվել զրոյի։ Մանավանդ որ առջեւում հունվար-փետրվար ամիսներն են, երբ թափառող կենդանիներն ավելի ագրեսիվ ու վտանգավոր են դառնում։  

Մենք շնորհակալություն ենք հայտնում այս տարիների ընթացքում «Յունիգրաֆ իքսի» հետ համագործակցած բոլոր քաղաքացիներին ու կառույցներին, Երեւանի քաղաքապետարանին, վարչական շրջաններին եւ հաջողություններ մաղթում այս բարդագույն ոլորտում իրականացնելիք աշխատանքներում»: