ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր, ՀԳԾ ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանը այսօր՝ նոյեմբերի 14-ին, հանդիպեց  ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում 4 թափուր պաշտոնների համար դիմում ներկայացրած 50 անձանց հետ:

NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ հանդիպման նպատակն է բոլոր դիմորդներին վարակել այն գաղափարներով, որոնցով ԱԻՆ-ն է առաջնորդվում:

«Բնականաբար աշխատանքի կանցնեն միայն 4-ը, սակայն շատ կարեւոր է, որ երիտասարդները, ովքեր նույնիսկ մեզ մոտ աշխատանքի չեն անցնի, այստեղից գնան այն գաղափարներով եւ ուղերձներով, որոնցով ԱԻՆ-ն է առաջնորդվում. դրանք են՝ համամարդկային արժեքներ, բարություն, գթասրտություն, մարդուն օգնելու պատրաստակամություն եւ պատրաստվածություն, որովհետեւ շատ դեպքերում ցանկանում ես օգնել, բայց չունես այդ հնարավորությունը, կարողությունը կամ հմտությունը: Նաեւ շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան՝ ինչ վտանգներ եւ ռիսկեր կան եւ սերտեն պաշտպանվելու վարքականոնները»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Նա նաեւ նշեց, որ  ՃԿԿ աշխատանքի են անցնում բարձրագույն կրթություն ունեցող,  առնվազն 3 լեզուների  տիրապետող, համակարգչային հմտություններ եւ մարդկային շփումների կարողություն ունեցող մարդիկ:

«Ամենակարեւորն է ներքին աշխատանքային կարգապահությունը, որովհետեւ սա շատ կուռ կառույց է նաեւ գաղտնիության որոշ շերտերով: Մեզ մոտ ամենակարեւորը աշխատանքային մթնոլորտն է, որը հնարավորություն է տալիս ընդգրկել բոլորին, նույնիսկ հաշմանդամներին, որոնք կողք-կողքի, ուս-ուսի աշխատում են մերոնց հետ: Դրսից ով գալիս է, դառնում է մերոնքական»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Նիկոլայ Գրիգորյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը հիմնվել է 2011թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ ՔՊ միջոցառումների իրականացման ժամանակ ազդարարման, իրազեկման, արձագանքման եւ համագործակցության կազմակերպման, մշտադիտարկման, տեղեկատվության համակարգման, տնօրինման եւ կառավարման խնդիրների լուծման ու հնարավորինս արդյունավետ կառավարում ապահովելու նպատակով: