ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) կնոջ մահվան առթիվ Սեդրակ Զատիկյանին սպանելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված նրա եղբորորդի Ստեփան Հակոբյանին կարճաժամկետ մեկնում տրամադրելու համար ոչ ոք չի դիմել Քրեակատարողական վարչություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:
Բայց եթե նույնիսկ դիմեն էլ, ապա նրան ազատ չեն արձակի, քանի որ միայն մերձավոր հարազատների դեպքում են ազատ արձակում:
ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքի 80-րդ հոդվածի համաձայն՝ դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում:
Մեր տեղեկություններով՝ Հակոբ Հակոբյանի կինը Հայաստանում չի մահացել:
Հիշեցնենք, որ Հայ ազգային Կոնգրեսը խորը վշտով հայտնել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանի կնոջ՝ Քնարիկ Աբրահամյանի անժամանակ մահվան մասին եւ ցավակցություն հայտնում հարազատներին, ընկերներին եւ մտերիմներին:




























