Նոյեմբերի 23-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Փարիզ մեկող պատվիրակության կազմը սահմանափակ է, բաղկացած 4-5 հոգուց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ պատվիրակության կազմում բացի Գալուստ Սահակյանից եւ նրա կնոջից՝ ընգրկված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավոր Արա Բաբլոյանը եւ այլք: Փարիզ մեկնելու հանգամանքը կռիվ է գցել ՀՀԿ-ական կանանց մեջ, պայքարի առաջնագծում հայտնվել են պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Մարգարիտ Եսայանը: Սա վրդովեցրել է ԱԺ նախագահին, ով որոշել է, որ պատվիրակության կազմում կին չի ընդգրկվի լրացուցիչ վիճաբանություներից եւ ինտրիգներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Փարիզ կմեկնի խորհրդարանական պատվիրակություն, որի կազմն այս օրերին հստակեցվում է: Տեղեկացանք, որ Գալուստ Սահակյանը Փարիզ է մեկնելու կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի հետ:

«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում պարզել էր, որ իսկապես նման այց նախապաստրաստվում է: Ավելին՝ պատվիրակության կազմում նա եւս ընդգրկված է լինելու, իսկ թե էլ ովքեր են լինելու, տեղյակ չէր, քանի որ վերջնական կազմը դեռեւս հստատված չէ: Հետաքրքիր է, որ հատկապես ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ դարձյալ «անողոք» մրցակցություն է ծավալվել՝ նորաձեւության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իսկ թե ով կհաղթի, ցույց կտա ժամանակը, երբ կհրապարակվի ԱԺ պատվիրակության կազմը»,- գրել էր թերթը։