Երեւանում հայերենով եւ թուրքերենով լույս է տեսել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրությունը։
Գրքում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխության մի քանի կարեւոր դրվագների համառոտ պատմությունը: Առանձին գլուխ է հատկացված համշենահայերի եւ Դերսիմի հայերի կրոնափոխության խնդրին: Առավել հանգամանորեն արծարծվում են Հայոց ցեղասպանության շրջանը եւ դրան հաջորդած ժամանակաշրջանի իրադարձությունները՝ մինչեւ մեր օրերը, ինչպես նաեւ՝ կրոնափոխ հայերի արդի խնդիրները եւ դրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը:
Աշխատությունը խմբագրել է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյան։




























