ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2014 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 19:15-ին, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային եւ այլ մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում հիվանդանոց են ընդունվել Երեւան քաղաքի բնակիչներ Սամվել Գրաշի Մելիքսեթյանը եւ Ալեքսանդր Կիմի Ղազարյանը, ովքեր վնասվածքներն ստացել են Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Սամվել Մելիքսեթյանը գիտակցության չգալով մահացել է:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 18:50-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, Ա.Ղազարյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան առջեւի մասով բախվել է իր երթեւեկության ուղղությամբ ճանապարհի աջ կողնակին Գ.Քամալյանի կողմից կայանված, առանց հաշվառման համարանիշի «Գազ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի ետնամասին, որի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս.Մելիքսեթյանը մահացել է, իսկ Ա.Ղազարյանը` ստացել մարմնական վնասվածքներ:

Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: