Նոյեմբերի 15-ին, ժամը   19.00-ին,  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի   որոշման հիման վրա, 1985 թ. ծնված Արման Ս.-ի բնակարանում եւ կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ բնակարանի ննջասենյակից ոստիկանության Վարդենիսի բաժնի  աշխատակիցները հայտնաբերել  են «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրացան, մյուս ննջասենյակից հայտնաբերվել է ստվարաթղթե տուփով պլաստմասե տարա՝ լցված մոխրագույն, վառոդանման զանգվածով,  որսորդական հրացանի փամփուշտների 24 ճայթիչ, արճճե կլորավուն գնդակներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե անասնագոմում առկա ստվարաթղթե արկղում հայտնաբերվել է ինքնաձիգի փամփուշտների 4 գնդակ,   ինքնաձիգի չկրակված 3 պարկուճ, բազմաթիվ ճայթիչներ,  արճճե տարբեր տրամաչափի գնդակներ, 12 տրամաչափի որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ, 2 տուփ վառոդանման մոխրագույն զանգված:

Ըստ բնակարանատեր` 1935 թ. ծնված Սարիբեկ Ս.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, բերել է 1990 թ. ԼՂՀ Քարվաճառի տարածքից եւ պահել իր տանը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: