Թուրքական իշխանամետ Yeni Şafak պարբերականի Անկարայի ներկայացուցիչ Աբդուլքադիր Սելվին տեղեկություն է հրապարակել, թե 2015-ի մարտի 21-ին՝ Նովրուզի տոնին, PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կհայտնի Թուրքիայում զինված պայքարի դադարեցման մասին։

Աբդուլքադիր Սելվիի հրապարակման մեջ նշվել է, թե չնայած վերջին շրջանում Քոբանիի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում Թուրքիայում քրդական հարցի կարգավորումը գրեթե փակուղի էր մտել, սակայն թե քրդական, թե իշխանական կողմը հայտարարել է հարցի կարգավորման անհրաժեշտության մասին։

«Քրդական հարցի կարգավորման գործընթացը շարունակվում է եւ վճռական կլինի 2015-ի մարտի 21-ը։ Այդ օրը Դիարբեքիրում կընթերցվի բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանի հայտարարությունը, ըստ որի PKK-ն Թուրքիայում դադարեցնում է զինված պայքարը»,-գրել է թուրք լրագրողը՝ շեշտելով, թե ամեն ինչ այդպես կընթանա, եթե ԱՄՆ-ը եւ Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարությունը չսադրեն գործընթացը։

Նշենք, որ 2013-ի մարտի 21-ին Օջալանն ուղերձով դիմել էր քրդերին՝ կոչ անելով զինադադար հաստատել՝ օգնելով քրդական հարցի կարգավորմանը։