ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Բլեսկ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բ.Բուդաղյանը 2014 թվականի մայիսի սկզբներից մինչեւ օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ «Գոգավանի» մաքսակետի արդիականացման աշխատանքների կատարման ընթացքում խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, առանց լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով տրված ընդերքօգտագործման թույլտվության եւ ընդերքօգտագործման պայմանագրի, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի արեւմտյան կողմի հարակից դաշտավայրից արտահանել է 7180 մ3 ծավալով ընդերքի զանգված եւ տեղափոխել «Գոգավանի» մաքսակետի տարածք։ Արդյունքում՝ Միխայլովկա գյուղի վարչական տարածքի ընդերքին եւ շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:
Բ.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված նյութական վնասը նախաքննության ընթացքում նրա կողմից ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի նոյեմբերի 17-ին ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























