Երեւանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ` Երեւան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծի եւ Երեւանի զարգացման 2015 թվականի ծրագրի նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են Երեւանի ավագանու անդամներ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ», «Տաթեւիկ», «Փրկություն», «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ Կարինե Դանիելյանն ու Մուրադ Մուրադյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետներ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախագծերի համառոտ ներկայացումից հետո  քննարկվել են  գրավոր առաջարկությունները եւ բանավոր հարցերը: Հանրային բաց լսումները վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը պատասխանել է նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներին հուզող այլ հարցերի: Հանրային լսումները համարվել են կայացած: Լսումներին ներկա գտնվելու, ինչպես նաեւ կարծիքներ, առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու հնարավորություն են ունեցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: 

Երեւանի ավագանու Երեւան քաղաքի 2015 թվականի բյուջեի մասին եւ Երեւանի զարգացման 2015 թվականի ծրագրի հաստատման  մասին որոշման նախագծերը կներկայացվեն Երեւանի ավագանու քննարկմանը: