ՀՀ արդարադատության նախարարության կողմից Ա. Սողոյանի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից:
Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար:
Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթը նոյեմբերի 2-3-ին ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝համապատասխան ընթացքը լուծելու համար:




























