ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Պետական կառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից մշակած կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի դրույթները:

Քննարկմանը մասնակցել են «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Արեւհատ Գրիգորյանը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ Շուշան Դոյդոյանն ու Գեւորգ Հայրապետյանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է օրակարգային հարցերը եւ նշել, որ Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների առաջարկով տեղեկանք է ուղարկել Կառավարություն, այն մասին, որ պետական կառավարման ոչ բոլոր մարմիններում են նշված տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձինք: «Այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են արվել. Մասնավորապես` նախարարությունները նշանակել են տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձանց, ում տվյալները տեղադրվելու են գերատեսչությունների կայքերում: Այս կարգավորումով ստեղծվելու է նաեւ դիմումատու-պատասխանող կապի իրականացման արդյունավետ մեխանիզմներ, բարձրանալու է տեղեկատվություն ստանալու արդյունավետությունը»,- ասել է Սուրեն Քրմոյանը: Նա հավաստել է՝ Կառավարությունը հետեւողական է այս հարցում, եւ մշակվող կարգով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով նշանակվելու է պատասխանատու պաշտոնատար անձ եւ լրացուցիչ պատասխանատու պաշտոնատար անձինք՝ ըստ առանձնացված ստորաբաժանումների:

Քննարկման մասնակիցները կարեւորել են հետագայում պատասխանատու պաշտոնատար անձանց համար կրթական ծրագրեր մշակելու եւ վերապատրաստումներ իրականցնելու անհրաժեշտությունը:

Ըստ ներկաների՝ անհրաժեշտություն է առաջացել նաեւ փոփոխություններ կատարել օրենսդրական ոլորտում, քանի որ 11 տարի առաջ ընդունված տեղեկատվության ոլորտը կարգավորող օրենսդրությունն արդեն բարեփոխման կարիք ունի: Նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ էլ Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկումներ ծավալել, լսել առաջարկություններ:

Անդրադարձել են նաեւ էլեկտրոնային հարցումների իրականացման ընթացակարգին եւ հարցումների համար գանձվող պետական տուրքի սահմանված չափին, հարցումներին տրվող թերի, ոչ լիարժեք պատասխաններին առնչվող հարցերին:

Սուրեն Քրմոյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկել է բարձրացվող խնդիրների վերաբերյալ ներկայացնել հստակ առաջարկություններ եւ նշել, որ բարեփոխումների ողջ գաղափարախոսությունը քաղաքացու համար առավել ընդունելի եւ մատչելի ծառայությունների մատուցումն է:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը ներկաներին խնդրել է տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ՝ մինչեւ դրա վերջնական տեսքի բերելը եւ հավելել, որ մյուս հանդիպումն ուղղված կլինի տեղեկատվությունը կարգավորող օրենսդրական դաշտի քննարկմանը: