Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկն արդեն տրված է։ Բանավեճերը, թե դրանք որքանով ժամանակին կամ ճիշտ են, արդեն անիմաստ են՝ Ազգային ժողովը հունիսի 24-ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան օրենսդրական փաթեթը։ Մեզ մնում է միայն քննարկել բարեփոխումների տեխնիկական խնդիրները՝ ելնելով այն հանրահայտ ասույթից, որ «սատանան մանրուքների մեջ է»։ Այս պահի դրությամբ հասարակությունը կարիք ունի հասկանալու, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնելու այդ կուտակային հիմնադրամը։
Հանգամանքների բերումով առավել քննարկվող հարցը կենսաթոշակային հիմնադրամների հուսալիությունն է։ Հարցի սրությունը պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների («Ժառանգություն» կամ ՀՅԴ) այն հայտարարություններով, որ կենսաթոշակային հիմնադրամները կարող են փողերը «առնել-թռնել», առավել եւս, որ մոտ 25 տարի նրանց գործունեության արդյունքները հասարակության համար տեսանելի չեն լինելու։ Որանո՞վ այս կասկածները հիմնավոր են։ Ասել, որ այդ կասկածները բոլորովին հիմքից զուրկ են՝ սխալ կլինի, սակայն, այնուամենայնիվ, չափազանցություն իրենց մեջ պարունակում են։ Գործնականում «առնել-թռնելու» տարբերակը գրեթե բացառվում է, քանի որ Կենտրոնական բանկն իրականացնելու է կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ վերահսկողություն, իսկ այդ առումով հանրապետության գլխավոր դրամատունը շատ թե քիչ կայացած է։ Սակայն կենսաթոշակային հիմնադրամը, հանդես գալով որպես շուկայական ինստիտուտ, ձերբազատված չէ շուկայական ռիսկերից՝ ընդհուպ՝ սնանկացումներից։ Էական հանգամանք է, որ պետությունը երաշխավորում է կենսաթոշակային հիմնադրամներում քաղաքացիների միջոցների վերադարձը, այդ նպատակով ստեղծվելու է նույնիսկ երաշխիքային հիմնադրամ։ Այս հիմնադրամը բավարար կլինի 1-2 հիմնադրամի անվճարունակության դեպքում գումարների փոխհատուցում իրականացնելու համար, սակայն համակարգային ճգնաժամի պայմաններում այն հազիվ թե արդյունավետ լինի։
Կենսաթոշակային հիմնադրամը ներդրումային հիմնադրամի տարատեսակ է։ Իսկ ներդրումային հիմնադրամի հիմնական գործառույթը հենց դա է՝ հանրությունից հավաքագրված միջոցները ներդնել արժեթղթերում կամ այլ ակտիվներում։ Ընդսմին՝ կենսաթոշակային հիմնադրամը կարող է հանդես գալ միայն որպես բաց պայմանագրային հիմնադրամ։ Ի՞նչ է սա նշանակում։ Նախ՝ հիմնադրամը պետք է ունենա կառավարիչ, որը հիմնադրամի ակտիվներով ձեռք բերված արժեթղթերի ու այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք չի ստանում։ Սա թերեւս այն մեխանիզմներից մեկն է, որն ինչ-որ չափով կանխարգելում է փողերն «առնել-թռնելու» տարբերակը, քանի որ քաղաքացին (ապագա թոշակառուն) իրավական հիմք է ստանում իր կողմից վերահսկելու հիմնադրամի ակտիվների ընթացիկ շարժը։ Գործնականում ռիսկերն առաջանալու են այն ժամանակ, երբ կառավարիչը սկսի որոշումներ ընդունել, թե ինչ ակտիվներ պետք է ձեռք բերի մարդկանց խնայողություններով։ Օրենքը, մարդկանց շահերից ելնելով, փորձել է ուղղորդել եւ սահմանափակել կենսաթոշակային հիմնադրամների ներդրումային քաղաքականությունը։
Օրինակ՝ կենսաթոշակային հիմնադրամին արգելվելու է միջոցները ներդնել ոսկու, թանկարժեք քարերի կամ անշարժ գույքի մեջ, քանի որ ըստ ԿԲ գնահատման՝ դրանք բարձր ռիսկայնությամբ ակտիվներ են։ Սակայն շուկայական ակտիվների ռիսկայնության չափը որոշելու հարցում ԿԲ կիրառած չափանիշներն ակնհայտ հնացել են։ Օրինակ՝ նույն չափանիշներով առաջնորդվելով՝ ԿԲ-ն 2003 թ. վաճառեց հանրապետության ոսկու պաշարները, որից հետո դրանք թանկացան մոտ 3 անգամ։ Ոչ ոք չի պնդում, որ ոսկին ռիսկայնությունից զուրկ է, խոսքը ակտիվների նկատմամբ օբյեկտիվ չափորոշիչներ կիրառելու մեջ է։ Նույնը վերաբերում է նաեւ արժեթղթերին։ Փաստորեն՝ կենսաթոշակային հիմնադրամների ներդրումները 2 հիմնական ուղղություն ունեն՝ արժեթղթերի ձեռքբերում եւ ավանդադրում բանկերում։ Հիմնականն, այնուամենայնիվ, արժեթղթերի ձեռքբերումն է։
Ահա այստեղ եւս օրենքը կիրառել է հուսալիության կանխորոշման սուբյեկտիվ չափորոշիչներ։ Օրինակ՝ պետական պարտատոմսերը դիտարկվում են որպես ամենահուսալի ակտիվ՝ անկախ նրանից, թե դա որ երկրի կառավարության պարտատոմսն է։ Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան հստակ է։ Օրինակ՝ թույլատրվում է ներդրումներ կատարել ՏՀԶԿ անդամ պետության պետական պարտատոմսերում։ Բայց չէ, որ այդ նույն Հունաստանը, որի պարտատոմսերը Եվրոպայում անհուսալիի համբավ ունեն, նույնպես ՏՀԶԿ անդամ է։ Եւ ընդհանրապես՝ ներկայում Եվրոպայում «ծուռ» աչքով են նայում բոլոր այն ֆինանսական ինստիտուտներին, որոնք պետական պարտատոմսերի մեծ փաթեթներ են պահում։ Կամ վերցնենք Հայաստանի կառավարության թողարկած պարտատոմսերը։ Մի՞թե դրանք հուսալի են, կամ ինչպես կարելի է հուսալի համարել մի պարտատոմս, որն ունի շուկայում ամենաբարձր տոկոսադրույքը։ Հունական կառավարության պարտատոմսերը կասկածելիի համբավ ձեռք բերեցին այն բանից հետո, երբ սկսվեցին թողարկվել 7-ից բարձր եկամտաբերությամբ, որը զգալիորեն զիջում է Հայաստանի կառավարության պարտատոմսերի եկամտաբերության մակարդակին։ Շատերը կարող են պնդել, որ բյուջեն երաշխավորում է նման պարտատոմսերի վերադարձը, բայց իրականում նման երաշխիքներ չկան։ Ուղղակի մեր կառավարությունը ներկա դրությամբ կարող է կտրել թոշակառուի թոշակն ու մանկավարժի աշխատավարձը՝ պարտատոմսերի տերերին բավարարելու համար։ Բայց արդյո՞ք 30 տարի անց դա հնարավոր կլինի։ Հուսով ենք՝ ոչ։
Ընդհանուր առմամբ՝ ներդրումային ռիսկերի գնահատման օրենքի հիմքում դրված չափանիշները օբյեկտիվ համարել չի կարելի, ինչը քաղաքացու համար խնդիրներ է ստեղծելու կառավարիչներ ընտրելու հարցում։
Սամվել Ավագյան




























