Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած՝ 7 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարը անզգուշության հետեւանք է: Այս մասին Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տվյալ ճանապարհահատվածում երթեւեկության բոլոր նշաններն առկա են, միայն լուսավորության հարցը պետք է կրկին վերանայել:
«Ճանապարհային նշանների հարցում Հոռոմ-Գուսանագյուղ ճանապարհահատվածը նորմալ գործել է, մենք այս պահին դեպքի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ ենք տանում, այս գործով կներգրավվեն հատուկ բնագավառի մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետներ, փորձագետներ, եւ կպարզվի վթարի պատճառը, քանի որ այդ խաչմերուկը գրեթե չի տարբերվում մյուսներից»,- ասաց փոխոստիկանապետը:
Լրագրողների դիտարկմանը, թե այս հատվածում ավտովթարներ հաճախ են լինում, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց. «2007 թվականին տվյալ ճանապարհահատվածում վերակառուցելուց հետո որեւէ արտառոց պատահար չի գրանցվել: 2013 թվականին ենք ունցել մեկ ՃՏՊ. այդ խաչմերուկում մեկ անձ վիրավորվել է, զոհ չենք ունեցել: Այս տարի 3 պատահար է եղել, միայն թե երկուսը խաչմերուկից ահագին ներքեւ են եղել, իսկ մեկն էլ նոյեմբերի 10-ի ամենաողբերագական պատահարն էր»:
Փոխոստիկանապետը հայտնեց նաեւ, որ հնարավոր է՝ մոտ օրերս հենց այս տարածքում տեղադրվեն տեսանկարահանող սարքեր:
Նշենք, որ Սամվել Հովհաննիսյանի հետ Գյումրիում էին նաեւ Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանդին Կոստանյան, Ճանապարհային պարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը, Ճանապարհային ոստիկանության վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Ոստիկանության ստեղծված հանձնախումբը Շիրակի մարզային ոստիկանությունում փակ խորհրդակցություն են անցկացրել, հանձնարարություններ եւ ցուցումներ տվել տեղի պատասխանատուներին մասնագիտական եւ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել վթարի պատճառները ճշտելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Նշենք, որ գործով կալանավորվել է բեռնատարի վարորդը՝ 44-ամյա Մանվել Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:





























