ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») միջին ծանրության վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Զադոյանի գործով դատական նիստին այսօր` նոյեմբերի 18-ին, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործով վկա, Կարո Կարապետյանի ընկերը` Ռոմանոս Դանոյանը, իր ցուցմունքում ասաց, որ մինչեւ դեպքը Արթուր Զադոյանը իր ներկայությամբ բազմիցս Կարո Կարապետյանին սպանելու սպառնալիքներ է հնչեցրել:
«Միշտ որ նեղվում էր, ասում էր՝ չեմ կարողանում 57 000 դոլարը տամ, ասում էի` ոչինչ, կաշխատես, կտաս, ինքն էլ ասում էր`զզվացրել ա արդեն, դավադիտ ա արել, վերջը նենց է անելու, խփեմ, Եվրոպայում սրա՞ նման տղերք եմ խփել, թաղել»,- ասաց Դանոյանը` նշելով, որ չնայած այս սպառնալիքները մի քանի անգամ հնչեցվել են Արթուր Զադոյանի կողմից, սակայն ինքը ոչ մի անգամ այս մասին չի հայտնել իր ընկերոջը` Կարո Կարապետյանին:
Ռոմանոս Դանոյանը նշեց, որ Արթուր Զադոյանը Կարո Կարապետյանին խոստացել էր կարմիր սնդիկ վաճառելուց հետո նրա պարտքը մարել:
«Իբր բերեց էդ սնդիկը, էն էլ դա սնդիկ չէր, ոնց որ կարմիր յուղ լիներ տոմատով խառնած»,- պատմեց վկան, ինչին Զադոյանը հակադարձեց, որ նման բան երբեւէ չի եղել, եւ ընդհանրապես բնության մեջ կարմիր սնդիկ գոյություն չունի։
Վկան նաեւ հիշեց, որ Արթուր Զադոյանը երբեք չի հերքել, որ գումար է պարտք Կարո Կարապետյանին։
Արթուր Զադոյանի փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը, հակասություններ նկատեց վկայի դատական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ եւ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Հակասությունն այն էր, որ նախաքննական ցուցմունքում վկան չէր նշել, որ ատրճանակ է տեսել Արթուր Զադոյանի մեքենայում, սակայն դատարանում ասաց, որ «Մակարով» տեսակի ատրճանակ է տեսել դրա մեջ։
Դատավորը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց։
Դատական նիստից հետո Արթուր Զադոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վկայի ցուցմունքն ամբողջովին սուտ է, չի համապատասխանում իրականությանը, եւ եթե ինքը երբեւէ ակնարկ աներ Կարո Կարապետյանին սպանելու մասին, Ռոմանոսն անմիջապես կհասցներ ընկերոջը՝ Կարո Կարապետյանին։
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։





























