Կապանում խմելու ջրի որակը համապատասխանում է սահմանված բոլոր նորմերին, եւ այն խոսակցությունները, թե քաղաքի կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «ՀայՋրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերս խմելու ջրի որակից բողոքող կապանցիների դժգոհություններին։

Արամ Սարգսյանի խոսքով, արտառոց որեւէ դեպք մինչ այժմ չի գրանցվել, ինչը նշանակում է, որ կապանցիների անհանգստությունն անտեղի է։ «Համապատասխան լաբորատորիաներում խմելու ջուրն ամեն օր անցնում է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Մենք ապահովված ենք ջուրը վարակազերծող քլորակրի հատիկներով»,-հավաստիացրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ եթե խմելու ջրի հետ կապված որեւէ խնդիր լիներ, ինքն ու իր հարազատները չէին խմի դրանից։ «Ես էլ  ջրօգտագործող եմ, հենց հիմա էլ ջուր եմ խմում, ամեն ինչ նորմալ է»,- նկատեց նա՝ ավելորդ համարելով  ջուրը խմելուց առաջ եռացնելը։

Իսկ ահա Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Կապան» տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատարն իրավունք չունի պնդել, որ քաղաքում խմելու ջրի որակը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ «Մենք խմելու ջրում թեպետ ախտածին ֆլորա չենք հայտնաբերել, որակական շեղումներ, այնուամենայնիվ, արձանագրել ենք, ինչը վարակազերծումը ոչ պատշաճ մակարդակով կազմակերպելու հետեւանք է։ Իսկ վարակազերծումը կատարվել է ոչ թե հեղուկ քլորով, այլ քլորակրի հաբերով»,- տեղեկացրեց Լենա Մալինցյանը՝ հավելելով, սակայն, որ քլորակրի հաբերի դոզավորումը եւ հաշվարկները սխալ են կատարվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի ջրի որակը զգալիորեն վատանա։

«Հետագայում շեղումները բացառելու նպատակով մենք այժմ նրանց համապատասխան ցուցումներ ենք տալիս։ Իսկ բնակչությանը, հնարավոր վարակներից զերծ մնալու համար խորհուրդ ենք տվել ջուրն օգտագործել եռացրած վիճակում։ Հիվանդության դեպքեր, ճիշտ է, դեռեւս չկան, սակայն կանխարգելիչ աշխատանքներ մեր կողմից արդեն իսկ կատարվում են»,- ամփոփեց Լենա Մալինցյանը՝ հավելելով, որ հեղուկ քլորի՝ Հայաստան ներկրվող չափաբաժինն այժմ մաքսակետում է եւ հանրապետությունում կլինի մոտ օրերս։