Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատավոր Վաղինակ Մկրտչյանը հետաձգեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ դեպքի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդության որոշման հրապարակումը:

Դատավորը հայտարարեց, որ դեպքի վայրի, ավտոմեքենաների զննության արձանագրությունները անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ որոշում կկայացնի խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ անթույլատրելի ճանաչելու  միջնորդությունն անիմն է, քանի որ արձանագրությունում էական խախտումներ չկան:

«Նրանք նպատակ ունեն ձեռք բերել ձեւական խախտումներ եւ չեն ներկայացրել էական խատումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել ապացույցի թույլատրելիությունը: Քրեադատավարական նորմերի խախտումներ չեն եղել, խախտումները ուռճացված են եւ ձեւական: Ապացույցի անթույլատրելի ճանաչումը կհանգեցնի  ապացուցողական նյութի կորստի: Արդյունքում ձեւական պատճառաբանություններով ամաստանյալը կխուսափի պատասխանատվությունից եւ պատժից, ինչը լուրջ վնաս կհասցնի արդարադատությանը»,- նշեց Ռուբեն Բալոյանը:

Ռուբեն Բալոյանը կետ առ կետ անդրադարձավ Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունում թվարկված խախտումներին. «Դեպքի վայրի զննության մասնակիցները ցուցմունք տվեցին, որ մասնակցել է երկրորդ ընթերական։ Ոչ մի կերպ չհաստատվեց, որ այդ անձը կարող էր լինել ոստիկան,կամ կողմերից մեկի մերձավորը: Ընթերակաների տեսանյությում չերեւալը չի նշանակում, որ նրանք չեն մասնակցել զննությանը: Երկրորդ ընթերակայի մասնակցությունը անհերքելի փաստ է: Անդրադառնալով չափական տվյալներին՝ նշենք, որ  դրանք ամբողջությամբ համապատասխանում են իականությանը: Իրականում դեպի Երեւան եւ դեպի Աշտարակ տանող ճանապարհի եզրերը, դրանց հատման հատվածները անհարթությունների պատճառով տատանվում են, ուստի եւ այդ աննշան տատանումները չեն կարող հանգեցնել չափական տվյալների էական փոփոխությունների, որոնք իրենց հերթին կազդեին բախման տեղի, ավտոմեքենաների կանգնած  դիրքերի վրա»:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Նիկոլայ Բաղդասարյանը լրացում էր կատարել վթարի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի ճանաչելու իր միջնորդության մեջ՝ ներկայացնելով նոր հանգամանքներ։ Ռուբեն Բալոյանն էլ միջնորդել էր իրեն ժամանակ տալ հանգամանքներին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։