Կուտակային կենսաթոշակային ֆոնդի համար պետական սեկտորի աշխատողներից պահվող 3 ամսվա նպատակային սոցիալական վճարները, որոնք Կառավարությունից չէին փոխանցվել աշխատողների հաշվեհամարներին, նոյեմբերի 6-ին փոխանցվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հաշվապահ, պետական սեկտորի աշխատող Շողեր Բաբայանը։
«Հուլիս, օգոստոս սեպտեմբեր ամիսներին ոչ մի գումար չէր փոխանցվել, մեր բարձրացրած աղմուկից հետո, երբ լրագրողները նոյեմբերի 5-ին դիմեցին հարկային, հենց հաջորդ օրը փոխանցումները եղան»,-ասաց Շողեր Բաբայանը։
Շողեր Բաբայանի խոսքով՝ ինքը 3 ամիսների ընթացքում չէր հետաքրրքվել՝ պահումները փոխանցվում են, թե ոչ, եւ պատահական էր հայտնաբերել, որ փոխանցումները չեն կատարվում։ Նման իրավիճակում են հայտնվել նաեւ պետական սեկտորի բազմաթիվ այլ աշխատակիցներ։
Շողեր Բաբայանը, չնայած նրան, որ նպատակային սոցիալակն վճարներ է կատարում, այնուամենայնիվ, չի հավատում, որ այդ գումարները ինքը հետ է ստանալու կենսաթոշակի ձեւով։
«Բնականաբար չեմ հավատում, որ այդ գումարները ինձ վերադարձնելու են, դրա համար էլ պայքարում եմ այդ համակարգի դեմ»,-ասաց նա։
Նշենք, որ կուտակային կենսաթոշակների համակարգում կամավոր վճարման համակարգը ներդրվում է, բայց ժամանակավոր՝ մինչեւ 2017 թվականը, եւ միայն ոչ պետական հատվածի համար, իսկ պետական հատվածի աշխատողները պարտավոր են վճարել նպատակային սոցիալական վճարներ։



























