Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց Վարդան Պետրոսյանի պաշտպանների՝ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը:
Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սամվել Ջաղինյանի միջնորդել էին դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել եւ պարզել դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրած ընթերակաների ստորագրությունների իսկությունը:
Վարդան Պետրոսյանի փաստաբանները, տարբերություն էին նկատել՝ ուսումնասիրելով ընթերակա Գրիշա Գասպարյանի՝ դեպքի վայրի զննության արձնագրության տակ եւ դատարանում ցուցմունք տալուց առաջ դրած ստորագրությանների միջեւ: Պաշտպանները դիմել էին Ֆրանսիայում Վերսալի վերաքննիչ դատարանին առընթեր ձեռագրաբանական եւ փաստաթղթային հարցերի փորձագետի, որպեսզի պարզեն՝ արդյոք Գրիշա Գասպարյանն է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրության տակ:
«Առաջին հայացքով երեւում էր, որ էական տարբերություն կար: Փորձագետը համեմատել է, ներկայացրել է, որ կան որոշակի նմանություններ երկու ստորագրությունների միջեւ, եւ ներկայացրել է էական տարբերությունները: Կան իր ձեռագրի մեջ հատուկ նշաններ, որ չկան արձանգրության տակ»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը եւ հավելեց. «Փորձագետն այն կարծքին է հանգել, որ ամենայն հավանականությամբ արձանագրության տակ դրված ստորագրությունները չեն կատարվել Գրիշա Գասպարյանի ձեռքով, դրանք ամենայն հավանականությամբ հանդիսանում են Գրիշա Գասպարյանի ստորագրության նմանակում»:
Վարդան Պետրոսյանի մյուս պաշտպան Սամվել Ջաղինյանը դատարանին հայտնեց, որ դիմել են այլ երկրի փորձագետի, քանի որ Հայաստանում բոլոր ձեռագրաբանները հրաժարվել են քննություն կատարել. «Ասեցին՝ էդ գործի հետ մենք գործ չունենք, ստիպված եղանք ուղարկել արտասահման»:
Դատախազը փորձաքննության անցկացմանը չառարկեց։ Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ներկայացրած փաստաթուղթը անվանեց «ոչինչ»:
«Այս փաստաթուղթը, որ ներկայացվեց, առ ոչինչ ա, իր մեջ ոչինչ չի պարունակում: Մեկ ստորագրությամբ չի որոշվում՝ էդ անձի կողմից ա ստորագրված, թե ոչ: Եթե կարիք կա, բացատրեմ, որ երեք դիրքից ա ստորագրություն վերցվում: Եթե ցանկանում եք ձգձվի, թող ձգձվի: Ես էլ եմ միանում, թող փորձաքննությունը կատարվի, եթե իրոք կեղծված ա, թող պատժվեն այդ անձինք»,- հայտարարեց Ռուբեն Բալոյանը:
Դատավորը 30 րոպե խորհրդակցական սենյակում մնալուց հետո որոշեց մերժել միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու պահանջն անհիմն է:
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին դուր չեկավ, որ դատավորը հրապարակեց վճռի միայն եզարափակիչ մասը: Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված է հրապարակել ամբողջությամբ:




























