Երեւանի Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Է. Դանիելյանը 2014թ. մայիսի 29-ի որոշմամբ ոչխարը ճանաչել է իրեղեն ապացույց։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում գրել են փաստաբաններ Մարինե Թովմասյանը եւ Թամարա Բաղդասարյանը՝ կցելով որոշման լուսանկարը։
«Նկատի ունենալով, որ մեկ հատ ոչխարը կարող է գործի փաստական հանգամանքները պարզելու միջոց ծառայել, եւ ղեկավարվելով ՀՀ ՔՕ 155, 116 եւ 117 հոդվածներով, որոշեցի քրեական գործով մեկ հատ ոչխարը ճանաչել որպես իրեղեն ապացույց եւ ի պահ հանձնել տուժող Գ. Զարգոյանին»,- գրված է քննիչի որոշման մեջ։
Քննիչի որոշմամբ նաեւ սահմանվում է, որ որպես իրեղեն ապացույց ճանաչված ոչխարին տուժողը պարտավոր է չոչնչացնել, չօտարել եւ պահել անվնաս մինչեւ քրեական գործով վերջնական որոշում կայացնելը։
Նշենք, որ քրեական գործը վերաբերում է Անդրանիկ Ադաշյանի եւ Հարություն Չուղջյանի կողմից մեկ ոչխարի գողությանը։
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մարինե Թովմասյանն ասաց, որ միանշանակ չի կարող ասել՝ հակասում է, թե ոչ Քրեական օրենսգրքին, եւ «Փաստաբաների պալատի» անդամ իրավաբաններն այժմ քննարկում են այդ հարցը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Քրեական օրենսգրքով դա թույլատրվում է, քանի որ երբ քննարկման առարկա դառնա գողոնի, այս դեպքում՝ ոչխարի արժեքը, ապա կարեւոր է, որ կենդանին առկա լինի, որպեսզի հակասություններ չառաջանան կողմերի միջեւ։





























