Վերջին չորս տարիներին մեր ջանքերի շնորհիվ արձանագրվեց գյուղատնտեսական արտադրանքի միջինը 8 տոկոս աճ, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է մոտ 20 տոկոս: Այս մասին, Հռոմում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին ունեցած իր ելույթում նա մասնավորապես ասել է.

«Նախեւառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը համընդհանուր զարգացման առանցքային հարցերից մեկին` Սնուցման խնդրին նվիրված կոնֆերանսին մասնակցելու հրավերի համար: Ուրախ եմ արձանագրել, որ 1992 թվականին տեղի ունեցած Սնուցման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսից հետո բնակչության սննդի ապահովության իրավիճակը ներկայում զգալիորեն բարելավվել է:

Չնայած դրական դինամիկային` մենք դեռեւս հսկայածավալ աշխատանք ունենք կատարելու սովի եւ թերսնման,  ինչպես նաեւ մեր մոլորակում ապրող  յուրաքանչյուր առանձին ընտանիքի եւ յուրաքանչյուր անհատի սննդի որակի բարելավման ուղղությամբ: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը պարզագույններից չէ եւ պահանջում է համատեղ ջանքեր վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ:

Հայաստանում սննդի անվտանգության հարցերին մեծ կարեւորություն է տրվում: Վերջին չորս տարիներին մեր ջանքերի շնորհիվ արձանագրվեց գյուղատնտեսական արտադրանքի միջինը 8 տոկոս աճ, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է մոտ 20 տոկոս:

Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ստեղծվել են հանրապետության անկախացումից հետո` սեփականաշնորհման արդյունքում:  Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության ոլորտը համարվում է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության կարեւոր բաղկացուցիչը:

 Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաեւ սննդամթերքի արտադրության ծավալների ավելացման ու որակի բարձրացման ուղղությամբ, եւ այդ հարցում հասել է զգալի հաջողությունների:

 Հաշվի առնելով մեծաթիվ փոքր տնտեսությունների առկայությունը` մեծ ուշադրություն է դարձվում կոոպերացիաների ստեղծմանը, որի արդյունքում կսկսի զարգանալ արդյունաբերական գյուղատնտեսությունը:

Կառավարությունն աջակցում է ենթակառուցվածքների զարգացմանը եւ իրականացնում է մի շարք նպատակային ծրագրեր` ուղղված հեռավոր, սահմանամերձ եւ բարձրլեռնային տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաջողությամբ իրականացվում են միջոցառումներ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա էականորեն բարձրացնել երկրի` ցորենի ինքնաբավության մակարդակը:

Ընթացիկ տարում հանրապետությունում սննդամթերքի կարեւոր տարատեսակների ինքնաբավության մակարդակը բարձրացել է, եւ մենք նախատեսում ենք 2017 թվականին այդ ցուցանիշը հասցնել 80 տոկոսի:   Վերջին մի քանի տարիներին Նախարարությունը ջանքերն ուղղել է նոր տեխնոլոգիաների ներդրմանը` արտադրողականության ավելացման եւ եղանակային ռիսկերի նվազեցման նպատակով:

Լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության միջոցով մենք խնդիր ենք դրել եւ իրականացնում ենք ծրագրեր այգեգործության եւ անասնաբուծության ճյուղերի արտադրողականության ավելացման ուղղությամբ`էքստենսիվ եւ ինտենսիվ մեթոդների կիրառության միջոցով:

Կուզենայի ընդգծել նաեւ պարենի անվտանգության բարելավման ոլորտում իրականացված աշխատանքները, ինչը կապահովի տեղական բնակչությանը անվտանգ եւ որակյալ արտադրանքով, ինչպես նաեւ կխթանի արտահանման ծավալների աճը:

Նշված միջոցառումների իրականացման գործում կուզենայի հատուկ շեշտել ՊԳԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության դերը: Կարեւոր է նշել, որ առավել արդյունավետ համատեղ աշխատանքի նպատակով 2012 թվականին ստորագրվեց «Երկրի ծրագրային առաջնահերթությունների շրջանակը 2012-2015թթ.» փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս հասնել ռազմավարական նպատակներին, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի աջակցության ծրագրերով եւ նպաստում են դրանց իրականացմանը:

Մենք արդեն իսկ աշխատում ենք մի քանի նոր ծրագրերի վրա եւ հույս ունենք, որ դրանց իրականացումը կնպաստի, որպեսզի մենք հասնենք այս կոնֆերանսի նպատակներին»: